​10 անվանի կանայք, որ այցելել են Հայաստան (Photo)


13:32 , 13 հոկտեմբեր, 2019

Ankakh.com-ը գրում է․

Հայաստանն արևի, հոգևոր ջերմության և հյուրասիրության երկիր է: Մի անգամ այցելելով՝ ցանկություն է առաջանում վերադառանալ կրկին ու կրկին: Barev.Today-ը առանձնացրել է 10 հայտնի կանանց, ովքեր եղել են Հայաստանում ու վայելել բարյացկամ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը:

1. Ինդիրա Գանդի 

1976 թվականի հունիսին հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետ Ինդիրա Գանդին աշխատանքային այցով ժամանեց Հայաստան: Այցի ընթացքում նա եղավ հնագույն ձեռագրերի գրապահոց Մատենադարանում, ծանոթացավ Հայաստանի ու Հնդկաստանի բարեկամական հարաբերությունների պատմությանը: Նա այցելեց նաև Ս.Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Էջմիածնի Մայր տաճար ու Հռիփսիմե եկեղեցի: Ինդիրա Գանդիին ամենուր ուղեկցում էին հազարից ավելի երևանցիներ: Պարբերականներից մեկում գրվել է, որ Ինդիրան ապշել էր հայերի ընդունելությունից:

2. Մայր Թերեզա

1988 թվականի դեկտեմբերին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան եկավ Մայր Թերեզան: Նա եղավ Գյումրիում (Լենինական), այցելեց մի շարք հիվանդանոցներ, Էջմիածնի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Մայր Թերեզան իր աղոթքներով աջակցում էր հայերին այդ դժվար օրերին: Մեկնելուց առաջ հարցազրույցներից մեկում Մայր Թերեզան խոստացել էր կրկին այցելել Հայաստան, սակայն, ցավոք, բախտ չվիճակվեց: 1997 թվականին Կալկաթայի հիվանդանոցներից մեկում Մայր Թերեզան վախճանվեց:

3. Մարգարետ Թետչեր

1990 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը ժամանեց Հայաստան: Աղբյուրների փոխանցմամբ Թետչերը Հայաստան է եկել կարճ ժամանակով: Նա այցելել է Գյումրի Ջ. Բայրոնի անվան դպրոցի բացմանը մասնակցելու: Այս դպրոցը կառուցվել էր երկրաշարժից տուժածների համար անգլիացիների կատարած նվիրատվություններով:

4. Շեր

Արմատներով հայ դերասանուհի և երգչուհի Շերլին Սարգսյանը Հայաստան է եկել 1993 թվականի մայիսին երկօրյա բարեգործական առաքելությամբ: Պատմական հայրենիքում նա այցելեց Էջմիածին, Երևանի պետական համալսարան, Ազգային գրադարան, որբանոցներ և անապահով ընտանիքների կացարաններ: Երգչուհին Հայաստան միացյալ հայկական հիմնադրամին խոշոր տրամադրեց, որով հետագայում բեռնատար ինքնաթիռների միջոցով հումանիտար օգնություն հասավ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

5. Կլաուդիա Կարդինալե

Իտալական կինոյի աստղ Կլաուդիա Կարդինալեն եռօրյա այցով Հայաստան է ժամանել 2010 թվականին: Նա մասնակցում էր «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 7-րդ կինոփառատոնին, որտեղ ցուցադրվում էր «Մայրիկ» (1991) ֆիլմը: Հագեցած գրաֆիկի պատճառով դերասանուհին չկարողացավ շրջել Երևանում ու ծանոթանալ հայկական մշակույթին: Այսուհանդերձ, հարցազրույցներից մեկում Կլաուդիան նշում է, որ Հայաստանն ու Իտալիան շատ նման են, և հաջորդ անգամ ավելի երկարատև այցով կլինի Հայաստանում՝ մեկ անգամ ևս դրանում համոզվելու համար:

6. Հիլարի Քլինթոն

Առաջին կին սենատոր, ԱՄՆ նախկին պետքարտուղար, այսօր նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Հայաստան երկու անգամ է եկել՝ 2010 և 2012 թվականներին (Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում և ԱՄՆ անխակության օրը):Նա այցելել է Ծիծեռնակաբերդ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Նորավանք համալիր:

7. Մոնսերատ Կաբալյե

Իսպանացի նշանավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստան ու Արցախ է այցելել երկու անգամ՝ 2013 և 2015 թվականներին: Երգչուհին Արցախ էր այցելել հրադադարի 20ամյակին նվիրված համերգային հատուկ ծրագրով: Նա բացառիկ համերգ ունեցավ Ստեփանակերտի հրապարակում, ինչպես նաև Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի երգիչների համար վարպետության դասեր անցկացրեց: Օպերային երգչուհին հասցրել է լինել Շուշիում, այցելել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, ինչպես նաև Նորավանք համալիր:

8. Քիմ և Քլոե Քարդաշյաններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՔիմն ու Քլոեն առաջին անգամ այցելեցին պատմական հայրենիք անցյալ տարվա ապրիլին: Ութ օրվա ընթացքում նրանք այցելեցին Գառնի և Գեղարդ, Հաղթանակի զբոսայգի, Կասկադ համալիր, Կարապի լիճ: Եղան նաև Գյումրիում:Նրանց շնորհիվ Հայաստանի մասին առաջին անգամ իմացան շատ երկրներում:

9. Օռնելա Մուտի

2015 թվականի ամռանը Հայաստան եկավ իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտին: Այցի առիթը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնն էր: Հանդիսավոր բացման ժամանակ Օռնելային հատուկ մրցանակ տրվեց՝ «Փարաջանովյան թալեր»: Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ առաջին հայացքից սիրահարվել է Հայաստանին և հետագայում վերադառնլու նպատակ ունի:

10. Նաստասիա Կինսկի

2015 թվականին ևս մեկ հայտնի դերասանուհի այցելեց Հայաստան՝ Նաստասիա Կինսկին: Նա Օռնելայի պես եկել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Բազմաթիվ հարցազրույցներից և մամուլի ասուլիսներից հետո դերասանուհին եղավ «Արարատ» կոնյակի գործարանում, զբոսնեց երեկոյան Երևանում: Երգչուհին լրագրողների հետ զրույցում նշում է, որ հասցրել է սիրել Երևանը՝ հյուրընկալության և բնակիչների պարզության համար: