Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր


15:02 , 12 հոկտեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը կնպաստի Արագածոտնում ՏՏ ոլորտի զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ստորագրեցին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

«Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա չի եղել: Այս հուշագրի կարևորությունը նրանում է, որ մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա»,- ասաց մարզպետը:

Համագործակցության հուշագրով կողմերը համաձայնության են գալիս համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը նպաստելու Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: