Թուրքիան հրակոծել է ԱՄՆ-ի դիրքերը Սիրիայում


12:11 , 12 հոկտեմբեր, 2019

Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը հայտնվել է թուրք զինծառայողների հրակոծության ներքո Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում, գրում է Newsweek-ը։

Նշվում է, որ ամերիկացի զինծառայողները դիտարկել են պատասխան կրակի հնարավորությունը՝ ինքնապաշտպանության նպատակով, սակայն թուրքական կողմի հրակոծությունից հետո հրաժարվել այդ նպատակից։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Անկարան պետք է տեղեկացված լիներ ամերիկյան զորակազմի դիրքերի մասին։

Ավելի ուշ Պենտագոնը հաստատել է, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինծառայողները թուրքական դիրքերից հրակոծության են ենթարկվել։ ԱՄՆ-ի զինվորականների շարքերում վիրավորներ չկան։

«ԱՄՆ դիտակետից շուրջ 1000 մետր հարավ-արևելք տեղակայված բլուրներից Սուրուչից հարավ մեր սահմանային կետերի ուղղությամբ ակնթարթային կրակ է բացվել։ Ինքնապաշտպանության նպատակներով հրակոծվել են ահաբեկիչների դիրքերը։ ԱՄՆ դիտակետի հրակոծության մասին ոչ մի խոսք չկա»,-ասվում է թուրք զինծառայողների հայտարարությունում։

Նշվում է, որ ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։