Վարժություն, որն ընդամենը մեկ րոպեում կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը և փոխել կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը


02:09 , 12 հոկտեմբեր, 2019

Օպտիմիզմը որակ է, որը հնարավոր է մարզել։ Անգամ եթե մանկուց համարել եք, որ ձեր բաժակը կիսով չափ դատարկ է, միևնույն է, հնարավորություն ունեք զարգացնելու ձեր լավատեսությունը։

Հոգեբան, Good Think նախագծի հիմնադիր և «Երջանկության առավելությունները» գրքի հեղինակ Շոն Էյչերը գտնում է, որ օպտիմիզմը որակ է, որը հնարավոր է զարգացնել, ինչպես, օրինակ, օտար լեզուների իմացությունը։

Ինչի՞ց սկսել։ Էյչերն առաջարկում է ամեն օր ոչ բարդ վարժություն կատարել. երեկոյան՝ քնից առաջ, մինչ լվանում եք ատամները, հիշեք երեք բան, որոնք ձեզ այսօր երջանկացրել են։ Եվ առավոտյան, երբ խցանման մեջ եք գտնվում կամ գնում եք հասարակական տրանսպորտի կանգառ, նորից հիշեք այդ երեք ուրախ պահերը։

Հույսներդ մի դրեք պատրաստի մանտրայի վրա. «Ինձ երջանկացնում են ընտանիքը, ընկերները և առողջությունը»։ Կենտրոնացեք ցանկացած մանրուքի վրա, կարևորը, որ նրանք իրոք ուրախություն պարգևեն. «Ինձ ժպտացել է մի գեղեցիկ աղջիկ», «Աշխատավայրում բոլորը ժպտացել են իմ հումորից» և այլն։ Շուտով ձեր ուղեղն ինքնուրույն կգտնի նման դրական կողմեր։

Շոն Էյչերը և նրա խումբը հետազոտություն են իրականացրել։ Նրանք ուսանողներից կազմված խումբ են հավաքել, ովքեր իրենց վատատես էին համարում և խնդրել են 21 օրվա ընթացքում իրականացնել այս վարժությունը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ 20-ից 16-ը իրենց համարել են «չափավոր օպտիմիստ»։ Մեկ րոպե տևողությամբ այս  գործողությունը, որը դառնում է սովորություն, կարող է փոխել կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը։