10:33 , 3 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի «ստրատեգիական գործընկեր» Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի կապակցությամբ տարատեսակ մեկնաբանություններ են հնչում: Ոմանք կարծում են, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելով` Հայաստանին պատժում է, իսկ ոմանց կարծիքով` վաճառված զենքը, միևնույն է, չի խախտում հավասարակշռությունը, երրորդների դիտարկմամբ էլ` վաճառված զենքը հին է և ոչնչի պիտանի չէ:
Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, հետախուզական դիվերսիոն խմբի հրամանատար Վովա Վարդանովից:
Վերջինս նշեց, որ վաճառված զենքը հարձակողական է, իսկ Ռուսաստանի քայլն «առևտրականի պահվածք» է հիշեցնում. «Եթե սրանից առաջ թուրքերին Ռուսաստանը վաճառում էր միայն պաշտպանողական համակարգեր, հիմա գրոհելու համար հարմար միջոցներ է վաճառում, հարձակվողական ուղղաթիռներ… Դրանք հարձակվողական զինատեսակներ են, և բնական է՝ խախտվում է հավասարակշռությունը: Բնական է, որ այդպես պետք է լիներ, որովհետև Ռուսաստանը առաջնորդվում է «փող, փող, փող» սկզբունքով, որոշակի ժամանակ հետո էլի ինչ-որ զինատեսակ կտա Հայաստանին, որն էլի կստիպի թուրքերին իրենցից զենք գնել… Շուլեռներն այսպիսի գործողություն են անում, որը կոչվում է «ռասկռուտկա»… Էլի մի բան կտա, դրան հակակշիռ թուրքին մի բան կվաճառի, մեզ մի բան կտա դրա հաշվին, ինքն իր ռազմարդյունաբերական համալիրում ֆինանսական ներդրումներ է անում»:
Վ. Վարդանովից հետաքրքրվեցինք նաև, թե հավանական պատերազմի ժամանակ այս զինատեսակները կարո՞ղ են օգտագործվել հարձակման համար, և դա ինչի կարող է հանգեցնել… «Այո՛, դա հարձակվողական զենք է… Ինչպես կարող են դա որակել «հին զենք» և այլն, բա եղա՞վ, T-90C-ն է հի՞ն… Ուղղակի կան հարձակվողական և պաշտպանողական զենքեր, ճիշտ է Տ 72-ն ավելի նոր է, բայց դրանից թուրքը բավարար չափով ունի, մանկապարտեզներում կա երևի: Հիմա իրավիճակն այսպիսին է՝ թուրքը հարձակվողական զենքեր է գնել, ռուսն էլ ֆինանսական հարցեր է լուծում: Երևի դրա դիմաց ինչ-որ բան կտա Հայաստանին, ասենք՝ «Իսկանդերները» կփոխանցի մեր իրավասության տակ, հիմա դրանք մեր իրավասության տակ չեն, ռուսական հրամանատարությունը միայն կարող է սեղմել կոճակը: Դրա դիմաց թուրքը նրանցից կգնի S 400 համակարգը, կարճ ասած՝ նա մեզ ինչ-որ բան տալուց մի երկու անգամ ավել բան կարողանում է վաճառել, դրա հաշվին էլ իր ֆինանսական եկամուտն է ապահովում, մաքուր առևտրականի պահվածք էլի»,- պատասխանեց նա:
Խոսելով Հայաստան-Ռուսաստան ստրատեգիական հարաբերությունների մասին` մեր զրուցակիցն ասաց. «Ո՞ւր է այդտեղ ստրատեգիական գործընկեր, նա նույն ձևով կարող էր Հարավային Աֆրիկայի հետ պատերազմի մեջ գտնվողին զենք վաճառեր, այսինքն` նույն ձևով գործողությունն այնտեղ իրականացներ՝ փող աշխատելու նպատակով. դա չի արդարացնում: Կարճ ասած՝ փողի հետևից ընկնելով՝ բավականին ստոր պահվածք է ցուցաբերում իր դաշնակցի նկատմամբ»:
Մեր այն հարցին, թե ինչու խոսակցության ամբողջ ընթացքում ադրբեջանցուն թուրք անվանեց, Վովա Վարդանովը պատասխանեց. «Երբ թուրքերին ասում են ադրբեջանցի, նրանց քարոզչական մեքենայի վրա ջուր են լցնում: Չի կարելի թուրքին ասել ադրբեջանցի, Ադրբեջանը դրանից բավականին հարավ է գտնվում»: