Տպավորություն է, թե ինչ-որ բան է կատարվում երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև վերականգնելու ուղղությամբ


11:33 , 11 հոկտեմբեր, 2019

Տպավորություն կա, թե ինչ-որ բան է կատարվում երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև վերականգնելու ուղղությամբ։ Չենք պնդի, որ այդպես է, բայց դիտարկենք փաստերը.

1. ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովից անմիջապես հետո, ուր հանդիպեցին Պուտինն ու Ռոհանին, չպլանավորված այցելությամբ, անսպասելիորեն Հայաստան է այցելում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։
2. Դրանից հետո Աբխազիան հայտարարում է Վրաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին,
3. Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ շուտով կվերականգնվեն Թբիլիսի-Մոսկվա ավիաչվերթները, որ ընդամենը վերջերս էին դադարեցվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Մոսկվայի նկատմամբ կոշտ հայտարարություններից հետո։ «Աերոֆլոտ»-ը դեռևս ձեռնպահ կմնա, բայց վրացական ավիաընկերություններին կթույլատրվի թռիչքներ իրականացնել ռուսաստանյան ուղղություններով։

Իհարկե, դեռ որևէ բան հստակ չէ, բայց եթե դա տեղի ունենա, ապա ակնհայտ է, որ զարգացումներն առարկայանում
են ռեգիոնալ կոնտեքստով, և այստեղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը զուտ հայ-ռուսաստանյան հարաբերությունների տիրույթում դիտարկելն այնքան էլ տեղին չի լինի։ Իսկ թե ի՞նչ է լինելու լինելիքը... Հետևենք։