Այն հատվածներում, որտեղ կար աշխատանք կատարելու և ջանք գործադրելու կարիք, Երևանի քաղաքային իշխանությունը ձախողել է, զուտ խոսքեր են. Դավիթ Խաժակյան


20:44 , 10 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Որտեղ կար աշխատանք և ջանք գործադրելու կարիք, Երևանի քաղաքային իշխանությունը ձախողել է, և մենք այդ հատվածներում ունենք դեռևս միայն խոսքեր և խոստումներ, իսկ այնտեղ, որտեղ հնարավոր էր ինչ-որ բան չանել, և լավ լիներ, այդտեղ ինչ-որ չափով հաջողել են: Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին:

Ավագանու անդամը թվարկեց այն քայլերը, որոնք պարզապես հնարավոր էր նաև չանել: «Այդ քայլերն են՝ օրինակ՝ այլևս որևէ մեկը չի դժգոհում, որ շինթույլտվությունները ստանալը դարձել է պրոբլեմատիկ և կոռուպցիոն գործարքներով հագեցած, մանկապարտեզների հերթերի համակարգը, որը հրապարակվել է, այլևս որևէ մեկը չի բողոքում, որ իր երեխան հերթից դուրս է մնում, որովհետև հերթը տարօրինակ կերպով է առաջ շարժվում: Կարող են արձանագրել, որ կանաչապատ տարածքները չեն սեփականաշնորհվում, և դրանց վրա կառուցապատումներ չեն լինում: Նախկին բացասական երևույթների մի մասը վերացվել է»,- նշեց նա:

Ըստ Խաժակյանի՝ շինթույլտվությունների հարցում ժամկետները, որոնցով տրվում են դրանք, էապես երկարել են: «Իրենք ասում են՝ այն ժամանակ կոռուպցիայով են շինթույլտվությունները տրվում, դուք էլ հիմա առանց կոռուպցիայի սահմանված ժամկետներում տվեք: Գրեթե բոլոր սահմանված ժամկետները խախտվում են»,- ասաց նա:

Խաժակյանն անդրադարձավ նաև այն հարցերին, որտեղ քաղաքային իշխանությունը թերացել է: «Եթե անցում կատարենք՝ ինչ չի արվել, և անդրադառնանք այն գործընթացներին, որտեղ քաղաքապետարանը ջանք գործադրեր, տեսնում ենք, որ համակարգային լուծում որևէ հարցի դեռևս տրված չէ: Իսկ այն հիմքերը, որոնք դրվում են, օրինակ, աղբահանության դեպքում, դեռևս բավարար չեն»,- հայտարարեց նա:

Դավիթ Խաժակյանն օրինակ բերեց, որ 2019 թ.-ի զարգացման ծրագրում գրված էր, որ պետք է ներգրավվի աղբահանության 2-րդ օպերատոր բաց, թափանցիկ մրցույթի միջոցով: «Դա պետք է տեղի ունենար 2019 թ.-ին, մինչդեռ դա չի իրականացվել և, կարծես թե, 2019 թ.-ի ավարտին իրականացված չի էլ լինելու:

Տրանսպորտի մասով արձանագրում ենք, որ արդեն քանի ամիս շարունակ նույն պատասխանն է տրվում, որ իրենք կառավարությանը ծրագիր են ներկայացրել և սպասում են ֆինանսավորմանը: Դրանից այն կողմ աշխատանք չի իրականացվել, ինչը ևս խնդրահարույց է: Անընդհատ նշվում է, որ 2-3 տարվա ընթացքում կանենք, այդ նույն բանը ասվում էր 8-9 ամիս առաջ, նույնը ասում են նաև հիմա: Շատ տարօրինակ կլինի, որ 1-2 տարի հետո մենք կրկին նույն բանն ասենք: Բայց աշխատանք չանելու պարագայում, կարծես, ամեն ինչ դրան է տանում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ