«Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի արդբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա». Ավտոներկրողները դիմել են վարչապետին


20:31 , 10 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Ավտոներկրողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  նշելով, որ ճապոնական ավտոմեքենաների բազմաթիվ կուտակումներ են Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև։

Այդ կուտակումների պատճառը ՀՀ-ում ավտոմեքենաների մեծ պահանջարկն է, քանի որ 2020թ. հունվարի մեկից ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների հոսքը, կարելի է ասել, կդադարի մաքսատուրքի թանկացման և ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում ՀՀ արտոնության ավարտով պայմանավորված։

Ստեղծված իրավիճակի պատճառով հայ ավտոներկրողները Վրաստանի Հանրապետությունում հայտնվել են անօգնական վիճակում. մի կողմից՝ մոտենում է 2020թ. հունվարի մեկը, մյուս կողմից՝ Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել այդ մեծ քանակությամբ ավտոմեքենաները։

«Ժամանակի խնդիր ունենք, չենք հասցնում վերասարքավորել: Բաց նամակով դիմել ենք վարչապետին, որպեզի թույլ տան մեքենաները վերասարքավորել Հայաստանում: Փոթիում արդեն մեքենաների մեծ բուրգեր են: Հնարավոր է՝ այդ հերթերի պատճառով մենք այդ մեքենաները մինչև հունվարի մեկը չկարողանանք ներմուծել Հայաստան: Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանը մենաշնորհ է շնորհել Վրաստանի Հանրապետությանը, որպեսզի միայն այնտեղ վերասարքավորեն ճապոնական աջ ղեկով մեքենաները։ Իսկ ինչո՞ւ չի կարելի վերասարքավորել այդ ավտոմեքենաները հենց ՀՀ-ում:

Այստեղ վերասարքավորելով՝  հայ ավտոներկրողների համար ևս մեկ կարևոր խնդիր կլուծվի. տեղի արհեստավորների համար կստեղծվի նոր աշխատատեղեր, վերասարքավորման համար նախատեսված գումարները կշրջանառվեն ՀՀ-ում, այս ամենից կուտակված հարկերը կվճարվեն ՀՀ բյուջե, և, որ պակաս կարևոր չէ, մեր գումարներով չենք վարձատրի ադրբեջանցի մասնագետներին: Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1400-1500 դոլար, գումարած այն պահեստամասերը, որոնք օգտագործում են այդ մեքենայի համար:

ՀՀ քաղաքացին անօգնական վիճակում է, այս արհեստանոցից մյուսն է վազում: Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի ադրբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա, խնդրի, որ իրեն չխաբեն»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ավոտներկրողները: