08:15 , 3 հուլիս, 2013 Այս հարցի շուրջ մամուլում հակասական կարծիքներ կան։ Ներկայացնում ենք հատվածներ երկու՝ «Հրապարակ» և «Հայկական ժամանակ» թերթերից
«Շաբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ, և չի բացառվում, որ մոտ օրերս նրան ձերբակալեն։ Հենց նույն՝ շաբաթ օրը նրան ձերբակալել են թույլ տված չարաշահումների համար, որոնք, ի դեպ, առնչվում են ոչ միայն պետության կողմից սուբսիդավորված դիզվառելանյութին, որի առյուծի բաժինը՝ 48 հազար տոննան, բաժին է հասել ոչ անհայտ Ջոնիկ Աբրահամյանին, այլև սուբսիդավորված պարարտանյութին։ Խախտումներն առնչվում են ոչ միայն դիզվառելիքի, պարարտանյութի բաշխման «սանդղակին», այլև «մնացած» մասը շուկա հանելուն ու շուկայական գներով գյուղացիներին վերավաճառելուն։ Հիշեցնենք, որ պարարտանյութը շուկայում արժե 12 հազար դրամ, պետությունը գյուղացուն տվել էր 6 հազարով»,– գրում է «Հրապարակը»։
«Երեկ լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է Արարատի մարզի գյուղվարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը, ում անունը կապվում է սուբսիդավորված դիզվառելիքի սկանդալի հետ, որի կենտրոնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է։
Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը հրապարակայնացնելով, որ Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված սուբսիդավորված 700 հազար լ դիզվառելիքից 48 հազարը տրամադրվել է ԱԺ նախագահի եղբորը, սույն և ևս 3 մարզերում կատարված ստուգումների արդյունքներն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ չարաշահումների հետ կապված քրգործ էր հարուցվել։ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, սակայն, երեկ ոչ հաստատեց, ոչ հերքեց գյուղվարչության պետի ձերբակալման մասին լուրը։ Ըստ ամենայնի, այս կերպ փորձ է արվում զգաստացնել ԱԺ նախագահին, ում հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացել են»,– գրում է «Հայկական ժամանակը»։