«Հրապարակ». Զինծառայողներին արգելվել է ամռանը համազգեստի թևքերը ծալել


08:09 , 3 հուլիս, 2013

«ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել։ Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին։ Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում։

Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է։ Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից։ Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ։ 

ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, ասաց, որ ցանկացած հրաման բխում է կանոնակարգից, իսկ երբ փորձեցինք պարզել, թե այդ հրամանն ինչով է պայմանավորված, ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ արձակուրդում է»,– գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում