Ռիչարդ Գիրին կհանձնեն Ֆլորենցիայի խորհրդանշական բանալիները


05:46 , 10 հոկտեմբեր, 2019

Ֆլորենցիայի հին դարպասի բանալիների ճշգրիտ պատճենը հանդիսավոր պայմաններում կհանձնեն ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրին նրա իրավապաշտպան գործունեության համար: Այդ մասին հայտնել է Ansa.it-ը:

Արարողությունը կկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին: Մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը Գիրը դրսեւորեց ընթացիկ տարվա օգոստոսին. նա անձամբ սննդամթերք հասցրեց Միջերկրական ծովում միգրանտների փոխադրող իսպանական փրկարարական նավ, երբ հանգստանում էր Իտալիայի Լամպեդուզա կղզում: Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Ֆլորենցիայի քաղաքագլուխ Դարիո Նարդելան, քաղաքային խորհրդի անդամներ, ելույթ կունենա Եվրոպական համալսարանի միգրացիոն քաղաքականության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Էնդրյու Գեդեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: