Մեր պետության դժբախտություններից մեկն այն է, որ անդադար ներքին խմորումներ են տեղի ունենում


19:24 , 9 հոկտեմբեր, 2019

Մի լավ հայկական ասացվածք կա ՝ «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»։
Ու ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մշակույթներում էլ կան բազմաթիվ հեքիաթ-առակ-ասացվածքներ, որտեղ հիմնական միտքը միասնությունն է։

Պատմություն ուսումնասիրելիս էլ կտեսնեք, որ կարևորագույն ու ճակատագրական հաղթանակները տարվել են տվյալ ժողովրդի միասնականության շնորհիվ։

«Աջական», «ձախական», «կենտրոնական»՝ կապ չունի, իշխանությունները գալու են ու գնան, բայց պետությունը, անկախ իշխանության տեսակից, պետք է շարունակի ծաղկել։

Մեր պետության դժբախտություններից մեկն էլ հենց այն է, որ անդադար ներքին խմորումներ են տեղի ունենում, ու մինչև դանակը ոսկորին չի հասնում, չենք միավորվում։ Ո՞վ է սև, ո՞վ սպիտակ, իսկ միգուցե մանուշակագո՞ւյն...

Միավորվելու ու բեկումնային պահերը միասին հաղթահարելու փոխարեն կոլորիստիկայի դասեր են անցկացնում, ազգին գույների բաժանելուց վատ մեկ էլ «հայ ժողովուրդ» եւ «Արցախի ժողովուրդ» տարանջատումն է։

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցն էլ՝ մեզ օրինակ, որը դարձել է հերթական պառակտման թեմա։ Մարդիկ իրար են հոշոտում ճիշտ ու սխալի համար։ Բայց ինչքա՜ն լավ էր ու գովելի, երբ Մխիթար Հայրապետյանը խորհուրդներ էր վերցնում նախկին իշխանության գործչից՝ Արմեն Աշոտյանից։ Մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժը համախմբվածության մեջ է։

Ու մի բան էլ լա՛վ հիշեք․ Հայաստանը ազատ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միասնությունն է։