Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են «մերոնք»-ի ու «ձերոնք»-ի բաժանմանը


18:10 , 9 հոկտեմբեր, 2019

Հարգելի՛ ընկերներ,
Ժողովրդավարության, խոսքի ազատության և իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով: Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են «մերոնք»-ի ու «ձերոնք»-ի բաժանմանը: «Մերոնք»-ի համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնք»-ի համար՝ ապօրինի հետապնդումներ և անազատություն:

Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են:

Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում և պայքարելու եմ, մինչև այս աբսուրդին վերջ տրվի։

Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն: Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա։

ԱԱԾ-ն ինձ անօրինական ձևով առաջին ամգամ շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեց։ Ձերբակալման համար չկար որևէ հիմք։ Ի դեպ, այս ընթացքում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուղղակի գետնով են տալիս մեր իրավապահ մարմինների պատիվը։ Ես այս ամենին այլ հայացքով եմ նայում, ու պատկերացրեք, որ առողջ բան եմ գտնում այս ապօրինությունների մեջ: Մարդիկ ինքնաբացահայտվում են ու շատ շուտով պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:

Հարգելի՛ ընկերներ, ձեզ պինդ պահեք, ամեն ինչ դեռ առջևում է: