Այդպես էլ չհասկացանք, թե ո՞ր փայլուն աշխատանքի ու արդյունքի համար Փաշինյանը գովեց Քննչական կոմիտեին, իսկ նախագահը մեդալներ շաղ տվեց


14:51 , 9 հոկտեմբեր, 2019

Հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակն էր։ Վարչապետը գնաց շնորհավորելու, ելույթներ ունեցան, գովեցին իրենց և այլն։ Փայլուն աշխատանք, փայլուն արդյունք, նոր հնարավորություններ ու առաջադրանքներ։ Ինչպես նա սիրում է ասել, աննախադեպ էր։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ հետ չմնաց ու մեդալներ շաղ տվեց։

Բայց այդպես էլ չհասկացանք, թե ո՞րն էր փայլուն աշխատանքն ու արդյունքը։

Կուզենայի թվարկեին դեպքեր, երբ «հեղափոխական» Քննչական կոմիտեն փայլել է։ Փոխարենը կարող եմ կոնկրետ դեպքի մասին խոսել, որն այդ կառույցի խայտառակության գագաթնակետը դարձավ։

Քննչական կոմիտեի ամենահնչեղ գործը պետք է լիներ հայտնի գաղտնալսումների բացահայտումը։ Հիշում ենք՝ ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարները, ի լուր աշխարհի, հրահանգներ էին տալիս անկաշառ, բայց վնգստացող դատավորներին, Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդակցում էր, որ, ուզեն-չուզեն, Քոչարյանին կալանավորեն, Խաչատուրովին էլ՝ հետը, որ խելքը գլուխը գա և խոսի կամ էլ չէ, ստորագրությամբ բաց թողնեն, որ խայտառակ չլինեն (բայց, ի վերջո, եղան)։ Դա հանգիստ ձայնագրվում էր ու, հոպ, մտավ եթեր։

Ի՞նչ եղավ, Նիկոլ Փաշինյանի գոռգոռոցները ողջ Դավիթաշենը լսեց, պատվիրեց ներսում փնտրել սևերին, հլու-կամակատար Քննչական կոմիտեն շտապեց Yerevan.Today՝ խուզարկության, ստուգեց, բան չգտավ, կրկնակի, եռակի ստուգեց, խայտառակ եղավ ու գնաց։

Անցել է 13 ամիս, ու մենք որևէ բառ անգամ չենք լսել այն մասին, թե՞ ինչ կար այդ համակարգիչներում։ Օրերս էլ Փորձագիտության ազգային կենտրոնն էր նշում ծննդյան օրը, էլի ճոռոմ ելույթներ, մեդալներ էն դեպքում, երբ նույն կենտրոնը մեր 5 համակարգիչը 7 ամիս փորձաքննում էր։

Մինչ օրս Քննչական կոմիտեն չի հայտարարել, թե այդ չարաբաստիկ, սենսացիոն, խայտառակ գաղտնալսումից ի՞նչ կա, թե ով է իմ երկրի երեք անտաղանդ պաշտոնյաներին խայտառակել աշխարհով մեկ։ Մինչ օրս Քննչական կոմիտեն անգամ չի հայտնել, թե ինչու չի կատարել Փաշինյանի հրամանը՝ օր առաջ բացահայտելու մասին։ Ու գոնե չի էլ կարճում գործը։ Ու դուք էսօր ո՞ւմ եք պարգևատրում, ինչի՞ համար։

Այսօրվա Քննչական կոմիտեն Նիկոլի իշխանության իմպոտենտության հերթական ապացույցն է։ Պագոնով թամբալներ ու անկարողներ։

Կարելի կլիներ շնորհավորել, մի հատ էլ «Նիկոլ Փաշինյան» չորրորդ աստիճանի շքանշան սարքել ու կախել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի վզից, եթե տեսնեինք աշխատանքի որևէ արդյունք։ Իսկ քանի որ նրանք ոչինչ չեն անում, և ուրեմն՝ ինչի՞ համար են այդ անկապ միջոցառումներն ու ելույթները։