Այնթափի N 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին ու որովայնին


10:51 , 9 հոկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 13։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Այնթափ գյուղի բնակիչ, տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում այդ դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են բաժին, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։