Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում


12:54 , 8 հոկտեմբեր, 2019

Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն՝ անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:

Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ՝ տվյալ պահին էական չէ, դա այդպես է:

Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլն օտար տարր է: Դա զգալով՝ Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները, գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:

Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն՝ այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում, և եթե այդ կառույցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։ Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ՝ նա կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը, կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը՝ դրանով անվստահության մթնոլորտը տեղափոխելով այդ կառույցների ներսը։

Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի։