«Ջոկեր» ֆիլմը ռեկորդային 93.5 մլն դոլար է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին հանգստյան օրերին


19:00 , 7 հոկտեմբեր, 2019

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93.5 մլն դոլար է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Այդ մասին իր կայքում հայտնել է Variety հանդեսը։

Կինոնկարն այդպիսով կարողացել է ռեկորդ սահմանել՝ առաջին ուիքենդի արդյունքներով ամենաշահութաբերը դառնալով բոլոր այն ֆիլմերից, որոնք երբևիցե թողարկվել են հոկտեմբերին: Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել էլ Թոմ Հարդին: Նրան հաջողվել է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին:

Ջոկերի մասին ժապավենը միջազգային վարձույթում հավաքել է 140.5 մլն դոլար: Ըստ հանդեսի տվյալների՝ կինոնկարը ցուցադրվել է աշխարհի 73 երկրի 22.5 հազար կինոթատրոններում:

Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: