WCIT-2019 համաժողովի և բացման համերգի համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 4.2 մլն դոլար


16:27 , 7 հոկտեմբեր, 2019
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազ. դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից  112,092,000-ը միայն  կազմակերպչական ծախսերն են կազմել:

Բացի դրանից՝ համաժողովի («WCIT 2019») բացումն ազդարարող համերգի համար բյուջեից հավելյալ հատկացվել է 450 միլիոն դրամ (941,422): Փաստորեն, համաժողովի և համերգի համար հատկացվել է ընդհանուր 2,018,487,000 դրամ (4,222,776 դոլար)։

Հավելյալ գումար հատկացնելու որոշումը կայացվել է կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում, ըստ որի՝  2019թ. համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնելու 450 մլն դրամ:

2019 թվականի 14 մարտին հաստատվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, միջոցառման կազմակերպման նախահաշիվը և միջոցառման անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը: