17:42 , 2 հուլիս, 2013
Երբ խոսում ենք անապահովության հաղթահարման մասին, ակամայից հիշում եմ Կարեն Քոչաարյանի «Կենդանի մատյան» հեղինակային հաղորդման ժամանակ իր կողմից ինձ հնչեցված հարցը (մոտավորապես այսպես)` «Դուք անընդհատ խոսում եք, որ երկրում անապահովները գնալով շատանում են, այդ դեպքում բա ինչու՞ նրանք չեն միավորվում, ինչու՞ որպես մեկ ուժ չեն հանդես գալիս, չէ՞ որ այդպես իրենց համար ավելի հեշտ կլիներ հարցեր բարձրացնել…»: Բավականին ժամանակ է անցել այդ հաղորդումից, բայց այդ հարցի ակտուալությունը ինձ համար այդպես էլ չի կորչում: Մեր հասարակարգը լի է տարբեր միավորումներով: Մենք արդեն չենք զարմանում, երբ լսում ենք, որ միավորվում են տարբեր` նույնիսկ քիչ հայտնի մասնագիտության տեր մարդիկ: Եվ դա ճիշտ է, քանզի յուրաքանչյուր միավորման վերջնական նպատակը հուզող հարցերին միասնական լուծում տալն է: Այդ դեպքում ինչու՞ հանուն իրենց հուզող հրատապ խնդիրների լուծման չեն միավորվում երկրի անապահովները, չէ՞ որ այդպես միանգամից երկու հարց կլուծվեր`
1-ը` հասարակությունը վերջապես կհասկանար, թե իրականում ինչքան են երկրի անապահովները, և ինչքան է տարբերությունն իրական քանակի և պետական վիճակագրական տվյալների կողմից ներկայացվող քանակի:
2-ը` նրանց բարձրացրած խնդիրները ավելի լսելի և նպատակասլաց կլինեին: Թե չէ այսպես ի՞նչ է ստացվում. բոլորս խոսում ենք երկրում առկա բազմաթիվ անապահովների մասին, բայց կոնկրետ նրանց անունից ոչ ոք լիազորված չի խոսում: Ես հասկանում եմ, որ մեզ համար` որպես հայի, դժվար է գիտակցել, որ մենք անապահով ենք և հերիք չի գիտակցել, մի բան էլ ամբողջ երկրով մեկ հայտարարել, որ դու անապահով ես, բայց մեր երկրում անապահովության հաղթահարման ուղղությամբ տարվող պայքարում որոշիչ դերը պետք է լինի հենց անապահովներինը, քանի որ ամենաշահագրգիռ կողմը հենց իրենք են:
Նյութի աղբյուրը՝ այստեղ