Իրաքի բանակն ընդունել է ուժի վերազանցումը Բաղդադում ցուցարարներին ցրելիս. Al Arabiya


16:02 , 7 հոկտեմբեր, 2019

Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել Է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, ասված Է զինված ուժերի հրապարակված հայտարարության մեջ:

Գիշերը զինծառայողների ու ոստիկանների հետ բողոքողների բախումների ընթացքում Մադինաթ-Սադրի շրջանում զոհվել Է առնվազն 13 մարդ: Արյունահեղ բախումներից հետո բանակային բոլոր ստորաբաժանումներին հրաման Է տրվել հետ քաշվել այդ շրջանից, այսուհետեւ այնտեղ անվտանգությունն ապահովելու Է միայն ոստիկանությունը: Չարաշահում թույլ տված սպաների նկատմամբ հետաքննություն Է սկսվել:

Ինչպես հայտնել Է իրաքյան հեռուստատեսությունը, Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է երկրում կայունության վերականգնման մասին: Մահդիի խոսքով՝ «կառավարությունը բարեփոխումների եւ քաղաքացիների պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումների փաթեթ Է առաջադրել»:

Հոկտեմբերի 6-ին Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Սաադ Մաանը հայտնել Է, որ Իրաքում տեղի ունեցած անկարգություններիխ ու բախումների հետեւանքով զոհվել Է 104 մարդ, տուժել Է ավելի քան 6,1 հազար հոգի: Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: