Երևանում ընթանում է WCIT-2019 համաժողովը. ուղիղ միացումներ՝ քննարկումներից


13:47 , 7 հոկտեմբեր, 2019

Երևանում ընթանում է WCIT 2019 համաժողովը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի տիեզերական դահլիճում տեղի ունեցավ ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի (WCIT 2019) բացման արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկան UATE-ի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Յվոնն Չիու և WITSA-ի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան:

Նշենք նաև, որ երեկ Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել էին տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ:

Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել էր նվագախումբ, որն առաջին անգամ բեմում էր «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով, և ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կատարեց նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

Այնուհետև համերգային ծրագրով հանդես եկավ «Գրեմմիի» մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը:

«WCIT» նվագախումբը համախմբում էր ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում էին նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։