Լրատվամիջոցների և լրագրողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ. «Ազգային օրակարգ»


10:30 , 7 հոկտեմբեր, 2019

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

««Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը:

Լրատվամիջոցների և լրագրողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Դա հակասում է ազատ հասարակություն ունենալու մեր հավատամքին, իսկ թողտվությունը դրա նկատմամբ մեզ կտանի բռնատիրության մռայլ ուղով, ուստի Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն: Լրատվամիջոցների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչև վերջ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության և բռնության հետագա տարածումից։

Հաշվի առնելով տվյալ խմբի՝ այլախոհների դեմ բռնարարքների մասնակցության կրկնվող ձեռագիրը և անթաքույց լկտիությունը, պահանջում ենք գործող իշխանություններից՝ իրականացնել համակողմանի քննություն, բացահայտել ոչ միայն «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակման անմիջական մասնակիցներին, այլև նրանց կազմակերպիչներին ու ոգեշնչողներին, և պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ»։