Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը


15:36 , 2 հուլիս, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանըemedia.am-ը գրում է. 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը: