19:33 , 2 հուլիս, 2013Արդեն երեք տարի է «ATV» հեռուստաընկերության եթերում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն: ArmStar.am-ը զրուցեց հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ` մանրամասնելու հաղորդման ընթացքում բարձրացրած պատմությունների ու իրողությունների մասին:

««Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն «ATV» հեռուստաընկերության եթերում է 2010 թվականի դեկտեմբերի13-ից: Հեռուստաընկերության նոր եթերաշրջանն էր այդ ժամանակ և Ամանորի նախաշեմին հաղորդումը մտավ եթեր,-մեզ հետ զրույցում նշեց Հրաչը: - Ի սկզբանե նախատեսված պլանի համաձայն, հաղորդաշարը գործում է մինչ օրս: Առաջին թեման, որ բարձրացրել ենք մեր տաղավարում, եղել է «Կյանքն ավտոտնակում» թեման: Մի կնոջ պատմություն էր, ում անունը Գայանե էր: Նա որոշակի խնդիրների պատճառով հայտնվել էր ավտոտնակում ու ստիպված էր իր երեխային մեծացնել ավտոտնակում: Դա էր մեր անդրանիկ թողարկան նյութը»:

Ով երբևէ հետևել է «Կիսաբաց լուսամուտներ»-ի թողարկմանը, նկատած կլինի, որ հաղորդման հիմնական նպատակներից մեկն էլ պրոբլեմ ունեցող քաղաքացիներին օգնելն է. «Թեման բարձրաձայնելու առաջնային նպատակը մարդկանց օգնելն է: Եթե իրավական հարց է, իրավական դաշտում ենք լուծում փնտրում, եթե սոցիալական հարց է, մեր հեռուստադիտողների օգնությամբ փորձում ենք փոքր ինչ բարվոք վիճակում տեսնել այդ ընտանիքին: Օգնությունների դաշտը, ի ուրախություն մեզ, այսօր արդեն հասել է մեքենաների ու բնակարանների: Այսօր արդեն պաշտոնյաներն ու կառավարության անդամներն են մեզ միանում: Վերջին պատմություններից մեկը, որը վերնագրված էր «Հայաստանի երրորդ հարուստը» Արմավիրի մարզից, նրան մեր վարչապետը տուն նվիրեց, մեր բարերարներից մեկը` գեներալ Ներսես Գասպարյանը, հերթական «Նիվա» մակնիշի մեքենան նվիրեց»:

Շատ հեռուստադիտողներ այն կարծիքին են, թե այս հաղորդաշարի բոլոր պատմությունները հորինված են, իսկ մասնակիցներն էլ` դերասաններ: Մեծամասնությանը շփոթության մեջ է գցում «շոու» անվանումը: Այս մասին ArmStar.am-ը խոսեց նաև Հրաչ Մուրադյանի հետ. «Այս դեպքում անգլերենի մինիմալ գիտելիքներ է պետք ունենալ, որպեսզի հասկանալի լինի, որ «շոու» ասվածը չի նշանակում, որ հորինված բեմականացում է ցուցադրվում: Շոու նշանակում է զրույցի հանդիսություն, զրույց, որը տեղի է ունենում մի քանի մարդկանց միջև»,-պարզաբանեց Հրաչը:
Շարունակությունը՝ այստեղ
