Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը


12:16 , 5 հոկտեմբեր, 2019

Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day)` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ի այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ.-ի հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը՝ որպես «Ուսուցչի տոն»: Սակայն, ըստ Ս. Նիկոյանի, նկատի ունենալով, որ Հայաստանում գործում է «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքը, նպատակահարմար է հարցը կարգավորել օրենքով: