«Փաստ». Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում սպանության գործով վկային ցուցմունք փոխել


10:16 , 5 հոկտեմբեր, 2019

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին քննվում է Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։

Թերթը գրում է, որ Աբգարյանի պաշտպանական թիմը որոշել է մի կողմ դնել իրավագիտության բոլոր սկզբունքները, գործում առկա ապացույցները, դատավարության կանոնները և նման դեպքրի համար նախատեսված իրավական այլ գործիքները ու այդ ամենը փոխարինել մամուլում վարձկան «իրավապաշտպանների» ակտիվ գործունեությամբ։

«Դատավարությունը հետզհետե վերածվում է քաղաքական շոուի, որի հնչեղությունը բարձրացնելու համար անընդհատ հնչեցվում են տարբեր պաշտոնյաների անուններ։ Թիրախում հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն են։ Պաշտպանական կողմը պնդում է, իբրև վերջիններս ստիպել են գործով վկա Արթուր Մնացականյանին (քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի աջ ձեռքն է, հայտնի է Արկո անվամբ) սուտ ցուցմունքներ տալ ընդդեմ Աբգարյանի։ Ինքը՝ Արթուր Մնացականյանը, գրեթե երկու տարի բացակայել է Հայաստանից։

Օրերս նա վերադարձել է Վանաձոր և հայտնել դատարանին, որ ցանկանում է փոխել իր ցուցմունքները։ Թե ինչ պայմաններում և ինչ ճանապարհներով է կարողացել Ալավերդցի Վահագի պաշտպանական թիմը համոզել (թե՞ ստիպել) Մնացականյանին վերադառնալ և հիմա արդեն քրեական հեղինակության օգտին ցուցմունքներ տալ, պարզ չէ։ Արթուր Մնացականյանը պնդում է, իբրև ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր և հիմա գտնվում է հետախուզման մեջ, ստիպել է իրեն կեղծ ցուցմունքներ տալ։ Սա ուշագրավ պնդում է, որովհետև մեր տեղեկությունների համաձայն, Արթուր Մնացականյանը Կամո Փիրուզյանի սպանության գործում կարողացել է խուսափել համակազմակերպիչ լինելու կարգավիճակից հենց քննության հետ համագործակցելու արդյունքում։

Ըստ էության, ստացվում է, որ իր ցուցմունքը փոխել ցանկացող Մնացականյանը Փիրուզյանի սպանությունը կազմակերպող հանցավոր խմբի հետ համագործակցելու փաստով ինքնակամ պատասխանատվություն է ստանձնում։ Բանը նրանում է, որ սպանություն իրականացրած անձը՝ Վլադիմիր Դավթյանը, իր ցուցմունքներում ասում է, որ հենց Արթուր Մնացականյանն է իրեն պատվիրել Փիրուզյանի սպանությունը։ Իհարկե դժվար է ասել, թե որն է եղել վկայի վարքագծի նման փոփոխության հիմնական պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ նա ուժեղ ճնշման է ենթարկվել Վահագն Աբգարյանի կողմից և հիմա, պաշտպանելով վերջինիս, փաստացի ընդունում է իր մեղսակցությունը՝ որպես սպանության կազմակերպիչ», - գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում