Սելին Դիոնը Մոնրեալում բոլոր համերգները չեղարկել է ձայնի հետ կապված խնդիրների պատճառով


06:43 , 5 հոկտեմբեր, 2019

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ չեղարկում է հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Մոնրեալում նշանակված իր համերգները ձայնի հետ կապված շարունակվող խնդիրների պատճառով: Այդ մասին երգչուհին հայտարարել է իր երկրպագուներին՝ տեսաուղերձ ձայնագրելով Facebook-ում:

«Ինձ համար ավելի դժվար է չեղարկել շոուն, քան այն անցկացնել: Ներեցեք, որ ես ձեզ հիասթափեցրի»,-ասել է նա: Դիոնը պարզաբանել է, որ հաջակցություն Courage («Արիություն») ալբոմի համանուն խորագիրը կրող իր հյուսիսամերիկյան շրջագայության առաջին համերգներից հետո, որոնք անցկացվել են Քվեբեք-Սիթիում, իր մոտ մրսածություն է նկատվում:

«Ձայնս դեռ չի վերականգնվել»,-արձանագրել է երգչուհին: Մոնրեալում պլանավորված վերջին երկու համերգները հետաձգվել են 2020 թվականի փետրվարի 18-ին եւ 19-ին: Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչները նույն այդ պատճառով չեղարկել էին այս քաղաքում Դիոնի եւս չորս ելույթ, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այդ շոուները հետաձգվել են 2019 թվականի նոյեմբեր:

Սեպտեմբերի 18-ին կանադացի երգչուհին սոցիալական ցանցերում հանրությանը միանգամից երեք երգ է ներկայացրել իր Courage նոր ալբոմից, որը թողարկվելու է նոյեմբերի 15-ին, եւ նույն օրն էլ անցկացրել է Քվեբեք-Սիթիի երեք համերգներից առաջինը: Այս շրջագայությունը պետք է խոշորագույնը դառնա 2008-2009 թվականների համաշխարհային շրջագայությունից հետո: 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի ապրիլ երգչուհին պատրաստվում է 65 համերգ տալ Կանադայում եւ ԱՄՆ-ում, այդ թվում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Օտտավայում, Տորոնտոյում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ Մայամիում: 2004 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 175 մլն ալբոմի վաճառքից հետո Սելին Դիոնն ստացել է World Music Awards-ի ադամանդե պարգեւը՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ ալբոմներ վաճառած երգչուհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: