«Թմրամոլ» Լեյլան ավելի պետականամետ է, քան Փաշինյանը


19:33 , 4 հոկտեմբեր, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակապես զուրկ է պետական մտածելակերպից և սեփական PR-ի համար կարող է բացահայտել պետական գաղտնիքը։

Քիչ առաջ պարոն Փաշինյանը տեղեկություն է հրապարակել իր facebook-յան էջում և ալամ աշխարհին տեղեկացրել է, որ հայկական բանակի 20 զորամասերում ծառայում է 7 հազար զինվոր, որոնք անցել են նոր կերակրման համակարգին։ Շատ ուրախ եմ և շատ լավ է, որ գոնե այս մի ոլորտում գործող իշխանություններն ինչ-որ ձեռքբերումներ ունեն, և հուսամ՝ այն շարունակական կլինի։ Բայց շատ վատ է, որ պարոն վարչապետը չի գիտակցում, որ բանակին վերաբերող և հատկապես կոնկրետ զորամասերի թվաքանակում զինծառայողների թվաքանակը նշելը զինվորական, եթե չասեմ, որ, ունենալով Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, նաև պետական գաղտնիք է։

Չեմ հասկանում՝ պարոն Փաշինյանն իր գրառումները կատարելիս չի՞ համաձայնեցնում համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ։ Այդ պրակտիկան կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այն պարտադիր է։

Ուսումնասիրելով պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի ու վերջինիս ընտանիքի պաշտոնյա անդամների սոցցանցային էջերը` գալիս ես այն եզրակացության, որ Իլհամ բաբայի «թմրամոլ» աղջիկը՝ հայատյաց Լեյլա Ալիևան, ավելի պետականամետ մտածելակերպ ունի, քան մեր վարչապետը։

Հ.Գ. Պարոն Փաշինյանի որոշ գրառումներ և արտահայտություններ վտանգում են մեր քաղաքացիներին և ընդհանրապես երկիրը։ Լավ կլինի` այսուհետ պարոն վարչապետն ավելի զգույշ լինի իր «բացահայտումներում»։