«Պետք է հիանալ Արցախի գեղեցկությամբ, այլ ոչ պատերազմ մղել այնտեղ». The New York Times


21:00 , 4 հոկտեմբեր, 2019

«Լվացքը կախելու համար նախատեսված պարաններր, որոնք ձգվում են Ստեփանակակերտի շենքերից և տարբերվում են իրենց ճշգրիտ ուղղություններով։ Այս 50-հազարանոց բնակչություն ունեցող քաղաքում ընտանիքներն իրենց լվացքները կախում են՝ ըստ գույների և չափսերի։

Միգուցե կյանքն ինքնահռչակ, սակայն չճանաչված պետությունում մարդկանց ստիպել է կարգ հաստատել ա՞յլ հարցերում»,- այս հարցը «The New York Times» պարբերականի կայքում տպագրված իր «Ջերմ ընդունելություն Կովկասյան լեռներում» հոդվածում բարձրացրել է ճանապարհորդ Սեթ Քուգելը։

Հոդվածում Քուգելը պատմում է իր հանգստյան օրերի մասին, որոնք անցկացրել է Արցախում։ Մասնավորապես նշում է, որ Արցախում 150,000 հայ ապրում է 4,400 քկմ տարածքում՝ լի լեռներով, գետերով և հովիտներով։ Արևմուտքում Հայաստանի հետ խաղաղ սահմանն է, արևելքում՝ Ադրբեջանի հետ վիճահարույց սահմանը, որտեղ մշտապես կրակոցներ են հնչում, իսկ նախորդ տարի ուղղաթիռ է ոչնչացվել։

Արցախի բարդ պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։ Վերջին դեպքը 1990-ակաների սկզբի դաժան պատերազմն էր, որի ժամանակ մեծապես հայաբնակ տարածքը անկախություն ձեռք բերեց, իսկ 2006 թ. ընդունված նոր Սահմանադրությունով հայտարարվեց ինքնավար պետություն։

Ինչպես նշվում է նյութում, չնայած ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախը ճանաչված չէ, այն ունի սեփական դրոշ և կառավարություն, ինչպես նաև սերտ կապի մեջ է Հայաստանի հետ։ Հեղինակը նշում է, որ Արցախը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ ունի և անվտանգ է։

Քուգելը նաև շեշտում է, որ դեպի Արցախ ուղևորությունները հարմարավետ են սահմանափակ բյուջե ունեցող զբոսաշրջիկների համար. նա ինքը այնտեղ ծախսել է շուրջ 47,000 դրամ՝ $100 ԱՄՆ, որից կեսը՝ տրանսպորտի վրա։ Տաքսու մեջ նա ընկերացել է Սոնա Վարուժյանի հետ, ով ապրել է Լոնդոնում և Նյու Յորքում, ինչպես նաև սիրիահայ Կորյուն Բերբերյանի հետ։ Երկուսն էլ նախորդ դարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են։

«Մենք կանգ առանք դաշտում և հիացանք Արարատ լեռան վեհությամբ, որն երևում էր մշուշի միջից։ Նշմավում էր նաև Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկը՝ Նորավանքը, որի քարե պատերը համադրված են շրջակայքի կարմրագույն ժայռերի հետ»։

Ստեփանակերտի խանութներից մեկում, որը հիմնել է 1999թ. Իրանից եկած տաղանդավոր ոսկերիչ Արմոնդ Թահմազյանը, Քուգելը փորձել է խաղողի օղի և կենաց ասել «այն տղաների համար, որոնք պայքարել են պատերազմում»։ «Evita» սրճարանում նա փորձել է արցախյան խոհանոցի գլխավոր զարդը՝ «ժենգյալով հաց»։

Այնուհետև ընկերների՝ Սոնայի, Սևակի և Դավիթի հետ նա այցելել է Հունոտի կիրճ։ «Խորովածի համար պարագաներ՝ միս, մատնաքաշ և օղի գնելով՝ մենք հասկացանք, որ շամփուրներ չունենք։ Դավիթը մոտեցավ մոտակա շինությանը և բարձր կանչեց դրա բնակիչներին։ Քիչ անց նա վերադարձավ շամփուրներով, որոնք նրան տվել էր մի անծանոթ»,- պատմում է Քուգելը։ Ըստ նրա՝ Արցախում հարկավոր է միայն հիանալ դրա գեղեցկությամբ, այլ ոչ պատերազմ մղել։

Հաջորդ առավոտյան նա լքել է Արցախը՝ տխրելով, որ ուղևորությունը կարճ է տևել, սակայն մեծ հիշողություններ է իր հետ տարել։