Իմքայլականների համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է. «Իրատես»


10:36 , 4 հոկտեմբեր, 2019

«Իրատես» թերթը գրում է.

««Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում և պսևդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջև առկա հակասություններից:

Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի` ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին` Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ: «Հեղափոխության ամենահայտնի շահառուներից մեկի եղբոր տղան նոր Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Նորմա՞լ է: Իսկ նրա հորեղբայրը պետք է ուսումնասիրի ապրիլյան դեպքերը», - բուռն ու զայրալից բողոքում էին իմքայլականները»: