14-ամյա սևամորթ տղայի պատմությունը, ում դատական սխալի պատճառով դաժան մահապատժի ենթարկեցին


22:45 , 3 հոկտեմբեր, 2019

Համաշխարհային արդարադատության պատմությունը լի է բազմաթիվ սխալներով։ Ցավոք, այդ սխալների գինը, որպես կանոն, շատ բարձր է լինում՝ մարդկային ճակատագիր կամ անգամ նրա կյանքը։ Ջորջ Սթինին՝ 14-ամյա սևամորթ դեռահասը, 1944թ. հունիսի 16-ին էլեկտրական աթոռի վրա մահապատժի է ենթարկվել հանցագործության համար, որը չէր կատարել։ Նա ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ անձն է եղել, որը մահապատժի է ենթարկվել և անջնջելի հետք է թողել աշխարհի ամենաժողովրդավարական երկրի դատական համակարգի վրա։

Ջորջ Սթինիին ձերբակալել են 1944 թ.՝ մեղադրելով երկու աղջիկների՝ 8-ամյա Մերի Էմմա Թեմզի և 11-ամյա Բեթի Ջուն Բինիկերի բռնաբարության և սպանության մեջ։ Երեխաների մարմինները հայտնաբերվել են Հարավային Կարոլինա նահանգի Ալկոլու քաղաքի եկեղեցուց ոչ հեռու՝ կեղտի մեջ պատված։ Քննության ընթացքում պարզվել է, որ Մերին և Բեթին բռնաբարվելուց հետո այնքան են ծեծի ենթարկվել, մինչև մահացել են։

Այդ ժամանակ Ալկոլուն երկաթուղով բաժանված էր «սպիտակ» և «սև» շրջանների։ Որպես կանոն, սևամորթ քաղաքացիներով բնակեցված շրջանը պակաս հարուստ էր. այնտեղ տիրում էին գործազրկությունը, աղքատությունն ու հանցավորությունը։ Աղջիկներին սպանել էին հենց աֆրոամերիկացիներով բնակեցված շրջանում։ Աղջիկներն այնտեղ էին գնացել հեծանիվներով՝ դաշտային ծաղիկներ հավաքելու։

Երիտասարդ Ջորջ Սթինիի ձերբակալման միակ հիմքն այն էր, որ մի քանի վկաներ իրենց ցուցմունքներում նշել էին, թե տեսել էին, որ տղան խոսում է աղջիկների հետ։ Միաժամանակ Ջորջն ուներ ալիբի, որը հաստատում էր, որ նա հանցագործության կատարման պահին չէր կարող հանցանքի վայրում գտնվել, սակայն այն ուշադրության չարժանացավ։

Անչափահաս «հանցագործի» դատական նիստը շարունակվում է ընդամենը երեք ժամ։ Որպես փաստաբան հանդես էր գալիս պետական համակարգում աշխատող հարկային կոմիսարը, իսկ վկաների դերում տեղի բնակիչներից մեկն էր, որը հայտնաբերել էր մարմինները, և բժիշկները, որոնք հանցանքի կատարման վայրում զննել էին դիերը։ Տղային բերման ենթարկած ոստիկանները պնդում էին, որ Ջորջը ձերբակալման պահին խոստովանել է իր մեղքը։ Սակայն այդ փաստը ոչ մի կերպ չապացուցվեց, և ոստիկաններին հավատում էին՝ միայն խոսքերի վրա հիմնվելով։

Ինչպես և ընդունված է արդարացի ամերիկյան դատարանում, որոշումն ընդունեցին երդվյալ ատենակալները, որոնց թվում, ի դեպ, ոչ մի սևամորթ չկար։ Նրանք արագ համաձայնեցին մեղադրողի հետ՝ երեխային մահապատժի դատապարտելով, և շարունակեցին իրենց առօրյա կյանքը՝ գլխից անհապաղ հանելով միջադեպը։

Երկու ամիս անց՝ 1944 թ. հունիսի 16-ին, Ջորջ Սթինիին մահապատժի ենթարկեցին էլեկտրական աթոռի վրա կոմիսարի և տուժող աղջիկների հարազատների ներկայությամբ։ Դատական արխիվներում պահպանվել են մահապատժի մասին տվյալներ, որոնցում նշվում է, որ դատապարտյալը շատ փոքր է զենքի օգնությամբ պատիժ կրելու համար։

Պատիժն ի կատար ածելիս մի շարք բարդություններ ի հայտ եկան։ Մասնավորապես, աթոռի վրա ճշգրիտ դիրքն ապահովելու համար հարկ է եղել դրա տակ Աստվածաշունչը դնելու, որից Սթինին չէր բաժանվել բանտում և որը իր հետ վերցրել էր և տարել պատժի կատարման վայր։

2014թ. դեկտեմբերի 17-ին՝ Ջորջի մահից 70 տարի անց, դատավոր Կարմեն Մալենը չեղարկեց դեռահասի նկատմամբ նշանակված ու արդեն իրագործված մահապատիժը՝ հղում կատարելով մի շարք դատավարական խախտումների վրա։ Դրա համար հիմք հանդիսացան Սթինի Ռեյ Չենդլերի ընտանեկան փաստաբանի և հասարակական գործիչներ Բերջեսի ու Մաքքենզիի գործողությունները։ Այս անձինք 2013թ. հոկտեմբերի 25-ին գործը վերանայելու միջնորդություն ներկայացրին դատարան՝ պնդելով, որ Ջորջի անմեղությունը վկայող անհերքելի ապացույցներ ունեն։

Դատարանում Չենդլերը ներկայացրեց Սթինիի հարազատների ցուցմունքները, որոնք վկայում էին, որ սպանության կատարման պահին դեռահաս տղան իրենց հետ է եղել։ Հրապարակվեց նաև Ուիլֆորդ «Ջոնի» Հանթերի պատմվածքը, ով 1944թ. Սթինիի հետ նույն բանտախցում է գտնվել։ Նա պատմվածքի մեջ գրել է, որ տղան իրեն խոստովանել է, որ իրեն ստիպել են մեղքն իր վրա վերցնել, և որ ինքը լիովին անմեղ է։

Հարկ է նշել, որ չնայած դատավճիռը չեղարկեցին, ոչ ոք այդպես էլ չարդարացրեց Ջորջին։ Դատավոր Մալենը դատական նիստի վերջում եկավ եզրահանգման, որ Ջորջը միգուցե կրկնակի սպանություն է կատարել։ Նիստին ներկա էին զոհերի ընտանիքների անդամները, որոնք դժգոհ էին դատավճռի չեղարկումից։ Նրանք վստահեցնում էին, որ ոչ մի վայրկյան չեն կասկածել սևամորթ տղայի մեղավորությանը և անգամ սեփական «հետաքննությունն» են իրականացրել։

Դեռահասի կյանքի դաժան պատմությունն ընկած է ամերիկացի լրագրող Դավիդ Ստաուտի «Կարոլինայի կմախքները» գրքի հիմքում։ Գիրքը հրատարակվել է 1988թ.՝ Սթինիի գործի կրկնակի քննությունից շատ ավելի վաղ։ 1991թ. լույս տեսավ վեպի էկրանավորումը, որում գլխավոր դերը ստանձնել էր Քեննի Բլենքը։ Տղան այնքան լավ ու համոզիչ էր խաղում, որ արժանացել է «Լավագույն սկսնակ դերասան» մրցանակին։