Թուրքիան նախատեսում է վտարել 2 միլիոն փախստականների. Daily Sabah


15:06 , 3 հոկտեմբեր, 2019

Թուրքիան նախատեսում է 2 միլիոն փախստականների բնակեցնել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտում՝ Սիրիայում, Եփրատ գետից արևելք: Ըստ Daily Sabah-ի, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան մտադիր չէ անվերջ աջակցել միլիոնավոր սիրիացի փախստականներին, և բոլորն էլ, ի վերջո, պետք է կամավոր վերադառնան իրենց հայրենիք:

«Սիրիացի փախստականները, որոնք արդեն գրեթե ութ տարի է, ինչ ապրում են Թուրքիայում, ունեն իրենց տները, հայրենիքը: Մեր խնդիրն է հնարավորինս շուտ նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց անվտանգ վերադարձի համար: Անկարան այդ հարցով բազմիցս դիմել է միջազգային հանրությանը»,- նշել է նա:

Թուրքիայի առաջնորդի խոսքերով, ավելի քան 360 հազար սիրիացիներ վերադարձել են թուրքական զինված ուժերի աջակցությամբ ահաբեկիչներից մաքրված տարածքներ: «Մինչև 3.65 միլիոն փախստականներ դեռ շարունակում են մնալ Թուրքիայում, ինչը հղի է մեր երկրի համար տնտեսական և սոցիալ-մշակութային որոշակի մարտահրավերներով: Աշխարհի ոչ մի երկիր չի կարող պատասխանատվության այդպիսի ծանր բեռ կրել և այդքան երկար պահել փախստականներին»,- հավելել է Էրդողանը:

Նախագահը նաև հայտարարել է, որ սիրիական հակամարտությանը Թուրքիայի միջամտության միակ պատճառն ահաբեկչության սպառնալիքն է: