13:07 , 2 հուլիս, 2013
Հայաստանի իշխանական վերնախավի ընդգծված ձգտումը սերտացնելու հարաբերությունները Եվրոպական Միության հետ յուրօրինակ մթնոլորտ է ձևավորում հայ-ռուսական պաշտոնական միջպետական շփումների դաշտում: Խնդիրն այն չէ, թե ՀՀ ղեկավարներն իրականում որքանով են ընդունակ ինքնուրույն և անկախ քաղաքական վարք դրսևորել, ու նաև այն չէ, թե եվրոպացիներն իրականում որքանով են պատրաստ դիտարկել Հայաստանը որպես մի գործընկեր, որի շահերի ապահովումը նրանց համար սկզբունքային նշանակություն կարող է ունենալ:
Այս հարցերը իմաստ կունենար քննարկել, եթե առնվազն երկրի սահմանների և սահմանային անցակետերի վերահսկողությունը լիներ հայրենի իշխանությունների ձեռքում: Առկա պայմաններում մեր եվրոպական ձգտումները պարզապես լավ հնարավորություններ են ընձեռում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին նախընտրական սիրախաղի մեջ մտնել Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ, զենք վաճառել այդ երկրին և առևտուր անել Արցախի սահմանադրական տարածքը հանդիսացող շրջանները ալիևյան իշխանության տակ վերադարձնելու հարցի շուրջ:
Այս իրավիճակում ՀՀ ներկայումս անհամարժեքորեն ընդգծված եվրոպասիրությունը շատ ձեռնտու կլինի Ռուսաստանին, որը մեր այդօրինակ պահվածքը դավաճանական գնահատելով իրեն ազատ կարող է զգալ հայկական շահերի հաշվին Ադրբեջանի հետ հարաբերություններն իր համար ձեռնտու հունի մեջ դնելու համար: Եվրոպացիների կողմից էլ մեզ ուղղված անհամաչափ վերջնագրերը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու անխուսափելի անհրաժեշտության վերաբերյալ է´լ ավելի են սահմանափակում Հայաստանի խուսանավելու հնարավորությունները:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արհեստական է` Եվրոպական Միության և Ռուսաստանի մոտեցումներն, իրականում, ներդաշնակ են, և մինչ առաջինն իր կողմն է ձգում Հայաստանն` այն Ռուսաստանից տնտեսաքաղաքական առումով «կտրելու» պայմանով, վերջինս, Հայաստանի հանդեպ բարոյական պարտավորությունները թոթափելով, ազատություն է ստանում մեր շահերի անտեսման գնով Ադրբեջանի հետ իր հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա բարձրացնելու համար:
Այս իրավիճակում լավագույնը Հայաստանի համար այն կլինի, որ մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը չափավորվի առկա եվրոպամետությունը և անորոշ ժամանակով հետաձգվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իսկ Ռուսաստանի հետ էլ բանակցություններ սկսվեն հայ-իրանական սահմանի վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության պատասխանատվության տիրույթից հանելու և ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու խնդրի շուրջ: