Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն արտասահմանյան հատուկ ծառայություններին խնդրել է օգնել ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի գործողությունների հետաքննության անցկացման հարցում


01:45 , 2 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանցից օգնություն ստանա Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործողությունների հետաքննության հարցում՝ 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի և գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի միջև հնարավոր կապերը ուսումնասիրելու ժամանակ, հայտնում է The Washington Post-ը:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ պարոն Բարը կապի մեջ է եղել բրիտանական հատուկ ծառայությունների հետ, իսկ անցած շաբաթ նա Կոնեկտիկուտի դատախազ Ջոն Դարեմի հետ, որը զբաղվում է ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի գործունեության ստուգմամբ՝ կապված 2016-ի ընտրություններին միջամտության հետաքննության հետ, այցելել է Իտալիա, որտեղ հանդիպել է իտալացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ The Washington Post-ի աղբյուրների, սա պարոն Բարի առաջին այցը չէր Իտալիա՝ տեղի հետախուզության ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Բացի այդ, Թրամփի վարչակազմը նման հարցումներով դիմել է նաև Ավստրալիային: New York Times-ը պնդում է, որ ամերիկյան առաջնորդը Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին խնդրել է օգնել տեղեկատվություն հավաքելու հարցում, որը կարող էր վարկաբեկել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը:

2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունը սկսվեց 2017-ի մայիսին: Գործը ղեկավարում էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: 2019-ի մարտին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարեց հետաքննության ավարտի մասին: Սակայն, պարոն Մյուլերը չկարողացավ հայտարարել պարոն Թրամփի և Ռուսաստանի Դաշնության միջև դավադրության մասին, քանի որ բավարար ապացույցներ չէին ներկայացվել: