Իսպանական արդարադատության պատմության մեջ առաջին անգամ կինը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալմերիայի դատարանը Դոմինիկյան Հանրապետությունից ներգաղթած 45-ամյա Ան Հուլին Քեսադային մեղավոր է ճանաչել իր սիրեկանի՝ Անխել Կրուսի 7-ամյա որդու՝ Գաբրիել Կրուսի սպանության մեջ:
Նշվում է, որ տղան անհետ կորել է 2018 թվականի փետրվարի 27-ին՝ Ալմերիայի մերձակայքում գտնվող Լաս Օրտիչուելա գյուղում: Տեղի բնակիչները որոնողական աշխատանքներ են սկսել տղային գտնելու նպատակով, ինչին ակտիվ մասնակցել է նաև Քեսադան: Երկու շաբաթ անց ոստիկանությունը կնոջ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է Գաբրիելի դին: Կինը խոստովանել է, որ սպանել է տղային: Նա թաղել է իր տան տարածքում, ապա որոշել է վերաթաղել այլ վայրում:
Քեսադայի փաստաբանները դատարանում պնդել են, որ իրենց պաշտպանյալը գտնվել է դեղերի ազդեցության տակ, սակայն դատարանը չի ընդունել այդ փաստարկը: Նրանք ծանրացուցիչ հանգամանք են դիտարկել այն փաստը, որ մարդասպանն արարքը կատարելիս օգտվել է երեխայի վստահությունից:
Քեսադան ստիպված կլինի, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 250 հազար եվրո վճարել Գաբրիելի ծնողներից յուրաքանչյուրին, նաև փակել երեխայի որոնողական աշխատանքների ծախսերը` 200 հազար եվրո: