Բելառուսը ռուսական ռազմաբազայի տեղակայման իմաստ չի տեսնում


14:52 , 1 հոկտեմբեր, 2019

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը կարծում է, որ Բելառուսում ռուսական ռազմաբազայի տեղակայումը քաղաքական կամ ռազմական նշանակություն չունի: Նա համապատասխան հայտարարություն է արել RBC-ին տված հարցազրույցում, որից հատվածներ են տպագրվել հոկտեմբերի 1-ին:

«Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը, դա անիմաստ է: Ինչու՞ տեղակայել Բելառուսի տարածքում ռազմաօդային բազա, եթե այսօր հրթիռները կարող են բառացիորեն հաշված րոպեների ընթացքում հասնել մեր մոլորակի հակառակ կողմում գտնվող մեկ այլ մայրցամաք: Եթե Բելառուսն իր տարածքում տեղակայի ինչ որ լրացուցիչ ռազմական օբյեկտներ, ես չեմ կարծում, որ դա կնպաստի մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Մաքեյը:

Նախարարը նաև հերքել է այն ենթադրությունը, որ նման որոշման վրա կարող էր ազդել եվրոպական հարևանների դիրքորոշումը:

Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր պատասխան արձագանքով, եթե Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայվի: