Թութակին բանտարկել են խանութից գողություն անելու համար


17:21 , 30 սեպտեմբեր, 2019

Հոլանդական Ուտրեխտ քաղաքի ոստիկանությունը գողին ձերբակալել է իր թութակի հետ միասին: Փետրավոր կալանավորի լուսանկարը հայտնվել է գերատեսչության Instagram-ի էջում:

Ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, նրանք խանութի գողության ահազանգով մեկնել են դեպքի վայր: Նրանց հաջողվել է տեղում ձերբակալել գողին և նրա ուսին նստած թութակին:

Երբ գողին և նրա ընտանի կենդանուն տեղափոխել են մեկուսարան, իրավապահները հասկացել են, որ նրանք ոչ վանդակ ունեն, ոչ ազատ խուց թռչնի համար: Ձերբակալվածի հետ խորհրդակցելուց հետո նրանք թութակին տեղավորել են տիրոջ բանտախցում: Թռչնի համար ջուր և սպիտակ հաց են բերել: