ԵՊՀ 100-ամյակի խղճուկ միջոցառումներն ուղիղ համեմատական են օրվա իշխանության որակին


13:17 , 30 սեպտեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կարող էր կառավարական հանձնաժողով ձևավորել և Մայր բուհի 100-ամյակը պետական մասշտաբի իրադարձություն դարձնել՝ այն վերածելով իսկական ազգային-պետական տոնի: Պատկերացնո՞ւմ եք՝ տարբեր սերունդների կայացած, աշխարհով մեկ սփռված տասնյակհազարավոր շրջանավարտներ ու հազարավոր ուսանողներ և աշխատակիցներ ունեցող Ալմա մատերի 100-ամյակն ինչպիսի խորհրդանշական իրադարձություն կարող էր լինել: Ինչպիսի շուքով կարող էր ֆիքսվել մարդկային քաղաքակրթության հենասյուն գիտելիքի և կրթության դերը հայ ժողովրդի ազգային-պետական կյանքում՝ 100 տարվա գիտակրթական ողջ ձեռքբերումները վերհիշելու, վերահրապարակայնացնելու և ապագա ձեռքբերումների համար նոր լիցքեր հաղորդելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տրամաչափի և միջազգային հնչեղության գիտաժողովներ կարելի էր անցկացնել, ինչպես կարելի էր վերջին 100 տարիների ազգային մտավոր գործունեությունը ներկայացնել աշխարհին: Կարելի էր այս ամենի ֆոնին նաև փիառվել՝ որպես քաղաքական իշխանության ձեռքբերում: Բայց ոչ, փոքր մարդիկ չկարողացան հաղթահարել համալսարանի հանդեպ ունեցած իրենց մեծ բարդույթներն ու վրեժխնդիր եղան: Տարածաշրջանում չկա 100-ամյա պատմություն ունեցող համալսարան, որը ԵՊՀ-ի չափ ձեռքբերումներ է ունեցել, բայց նաև չկա 100-ամյա համալսարան, որի հիմնադրման մեկդարյա տարեդարձն այսչափ խղճուկ է նշվել:

Եվ սա համահունչ է օրվա իշխանության որակին, մակարդակին և արժեքային համակարգին: Իրենց պատկերացրած ԵՊՀ 100-ամյակն իրենք իրենցով լավ ռեստորանում խորովածի և օղու սեղան գցելն էր, դիջեյներով բաց համերգներն ու կենացները, կենացները, կենացները...

Իսկ հետոն շատ ավելի մռայլ է լինելու, ավելի անմակարդակ ու բացահայտ գավառական է լինելու, մինչև որ չհեռացվի հանրային կյանքի բոլոր ոլորտները մետաստազներով ներխուժած այս չարորակ ուռուցքը:

Իսկ մինչ այդ հիշենք, որ Մայր բուհին տոն ենք պարտք: