Արտակարգ դեպք Արարատի մարզում. 31-ամյա տղամարդը սղոցն ու դանակը ձեռքին սպառնում էր կտրել ոստիկանների պարանոցը


16:49 , 29 սեպտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր Թաղամասի 35 շենքի 14 բնակարանում խառնաշփոթ վիճակ է և խնդրել է, որպեսզի նշված հասցե շտապ ոստիկան մոտենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ, 31-ամյա Վրեժ Գ.-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, բնակարանից տարօրինակ ձայներ է արձակել, ինչի կապացությամբ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները բացելով բնակարանի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Վրեժ Գ.-ին, ում աջ ձեռքին եղել է սղոց, իսկ ձախ ձեռքին դանակ, որտեղ էլ նա սպառնացել է, որ ոստիկանների պարանոցը կտրելու է:

Ոստիկանների և փրկարարների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, որը տևել է մոտ 3 ժամ, Վրեժ Գ.-ն, սղոցը թողնելով տանը, դանակով դուրս է եկել տնից:

Ոստիկաններն ու փրկարարները հետապնդելով նրան, հարևան շենքի դիմաց վնասազերծել են, ձեռքից խլելով դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրեժ Գ.- ն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: