Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք


12:02 , 28 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։

«Թեև անկեղծ ասեմ, ուղիղ արդարադատությանը միջամտելու գործողություններ ես չտեսա։ Այդ ամենն ուղղակի նման էր ֆլեշմոբի, երբ անձը կրկնում էր երկրի ղեկավարների արտահայտած մտքերն ու բառերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, դատելով տեղի ունեցածին նախորդած գործողություններից ու հայտարարություններից, նման միջադեպը սպասելի էր, ավելի վատ բաներ էլ կարող են լինել։

«Սպասելի էր, քանի որ ժամանակին հենց արդարադատությանը միջամտելուն ուղղված ապօրինի քայլերը որևէ գնահատականի չեն արժանացել։ Բարձրագույն դատական խորհուրդն այդ ժամանակ չգիտեմ ինչով էր զբաղված, նույնը ոստիկանությունը։ Ես ի նկատի ունեմ, երբ դատավորի որոշումից դժգոհ իշխանությունը վիրավորանք է հասցնում դատավորին, դա ուղղակի միջամտություն է։ Երբ դու ջղայնանում ես, որ քո ուզած որոշումը չեն կայացրել, նկատի ունեմ այն հայտարարությունը, որ «կա՞ դատավոր էս երկրում, ով կարա իմ ասածը չանի», երբ դու հրահանգ ես տալիս խոչընդոտել դատարանի աշխատանքը, բա սրանք ի՞նչ են։ Լավ կարելի՞ է այս աստիճան երկակի ստանդարտներ կիրառել։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում, սա իշխանության բանեցման դասական օրինակ է»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին ուղեկցող երիտասարդ տղամարդը տեսախցիկը միացրած, ուղիղ եթերում  անընդհատ հարցնում էր՝ «Դուք Ձեզ համարո՞ւմ եք դռների տակ վնգստացող դատավոր»։

Փաստաբանի խոսքով, որպեսզի բանը սրան չհասներ, առաջին հերթին երկրի ղեկավարները պետք է իրենց արտահայտություններում զուսպ լինեին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ