Պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար. Արման Թաթոյան


11:22 , 28 սեպտեմբեր, 2019
Տեղեկատվության ազատության օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել, որում նշվում է հետևյալը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 28-ը աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր:
Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Տեղեկատվության մատչելիությունը նշանակում է տեղեկությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար: Այն ենթադրում է ներառական գիտելիք ու ներառական հասարակություն:

Ժամանակակից աշխարհում թվային միջավայրը զարգանում է բարձր արագությամբ: Թվային տեխնոլոգիաները դառնում են տեղեկության կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով տեղեկության ավանդական աղբյուներին: Այս զարգացումները մի կողմից ապահովում են երկրի զարգացումը և հեշտացնում են մարդու կյանքը, տեղեկության մատչելիությունը դարձնում առավել արդյունավետ, մյուս կողմից՝ առաջ են բերում անհավասարություն:

Ուստի, պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:

Տեղեկությունը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ մարդն ունի հաշմանդամություն, չի նշանակում, թե նա պետք է զրկվի իրեն հետաքրքրող տեղեկությունների ինքնուրույն, արժանապատվորեն ծանոթանալու հնարավորությունից:

Այս օրվա հետ է կապվում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, քաղաքացիական հասարակության ու հատկապես երիտասարդության դերը, նոր սերնդի ներգրավվածությունը հասարակական կյանքին:

Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»: