Ո՞վ է մեղավոր դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի համար


09:31 , 28 սեպտեմբեր, 2019

Սեպտեմբերի 27-ի երեկոյան լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել (մեջբերումը՝ ԲԴԽ-ի facebook-յան էջից)։

Հիշեցնեմ, որ տիկին Դանիբեկյանի վարույթում է գտնվում այսպես կոչված «Մարտի 1-ի գործը»։ Անշուշտ, այն, ինչ տեղի է ունեցել դատավոր Դանիբեկյանի հետ, դատապարտելի և անթույլատրելի է։ Այսուհետ այդպիսի դեպքերը պետք է բացառվեն։

Ցավով պետք է նշեմ, որ վաղուց էի սպասում այսպիսի դեպքերի, քանի որ իշխանությունների կողմից այս ամիսների ընթացքում դատարանների և դատավորների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը բումերանգի էֆեկտով պետք է վերադառնար իրենց՝ հարվածելով իրենց յուրային համարվող դատավորներին։ Այո՛, իշխանությունների ընդդիմախոսներն առաջնորդվում են «Այն, ինչ կարելի է իշխանություններին, կարելի է նաև մեզ» կարգախոսին համապատասխան։

Այն, որ Հայաստանի դատական համակարգում շատ բաներ կան փոխելու, և շատ դատավորներ պետք է լքեն իրենց տաքուկ պաշտոնները, փաստ է, սակայն իշխանություններն այդ քայլին գրագետ մոտեցում չդրսևորեցին և փորձեցին փողոցային մեթոդներով պայքարել դատարաններում գոյություն ունեցող արատավոր երևույթների դեմ։
Սույն թվականի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով, մոտ 2000 քաղաքացիներ փակեցին Հայաաստանի տարածքում գործող բոլոր դատարանների մուտքերը՝ պարալիզացնելով դատարանների աշխատանքը, որի ժամանակ տեղի էին ունեցել դատավորներին նվաստացնող միջադեպեր։ Շենգավիթի դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քաշքշել էին դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս սայթաքել ու ընկել էր գետնին։ Ոչ ոք այս ամենի համար պատասխանատվություն չկրեց։

Հայաստանի նախկին նախագահ Ռ. Քոչարյանին ազատ արձակած երկու դատավորները՝ Ա. Ազարյանը և Դ. Գրիգորյանը, բացահայտ ենթարկվում են հետապնդումների և ճնշումների։ Սակայն դատավորների նկատմամբ արհամարհական վերաբերմունքն իշխանությունների կողմից շարունակվում է, որի վառ օրինակը պարոն Փաշինյանի` «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին հայտարարությունն էր։ ՍԴ-ի դատավորների նկատմամբ վերաբերմունքի մասին էլ չեմ ասում։

Ու այսքանից հետո իշխանությունները մտածում են, որ իրենց այս վերաբերմունքը դատարանների նկատմամբ աննկա՞տ է մնալու։

Այն, ինչ կարելի է Փաշինյանին և նրա` դատարանները շրջափակման ենթարկող, դատավորներին անհարկի վիրավորող, քաշքշող, յուրայինների և թշնամիների բաժանող կողմնակիցներին, որոնք պաշտպանվում են իշխանությունների կողմից, կարելի է նաև նրա ընդդիմախոսներին, որի հետևանքները ըմբոշխնեց իշխանությունների շահերը սպասարկող դատավորի համբավ ունեցող տիկին Դանիբեկյանը։

Հ.Գ. Դատարանների նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքականության հետևանքով Հայաստանում անկախ դատական համակարգ չի ձևավորվի. կունենանք ավելի խայտառակ վիճակ, քան եղել է նախորդ վարչակարգերի օրոք։ Նախադրյալներն արդեն կան։