22:40 , 1 հուլիս, 2013Արագածոտնի մարզի Դավիթաշեն գյուղում հունիսի 27-30-ը համատարած թունավորման դեպքեր էին արձանագրվել: ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության նախնական տվյալներով՝ թունավորման դեպքերի պատճառը խմելու ջուրն է:
Դավիթաշենի գյուղապետ Գրիգոր Վարդանյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ թունավորման երեսուն դեպք է գրանցվել: Գյուղացիները պնդեցին, որ ամեն ընտանիքում առնվազն երկու թունավորման դեպք է եղել, իսկ ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի տվյալներով՝ կա մեկ հոսպիտալացված հիվանդ, մեկ հիվանդ, որը չի ցանկանում հիվանդանոց տեղափոխվել, երկու միջին ծանրության հիվանդ, և մի քանիսն ունեն թեթև գանգատներ:
«Ամսի 27-ին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության կասկածով դեպք: Մեր միակ հոսպիտալացված հիվանդն է: Դեպքի հետ կապված՝ համաճարակաբանական հետազոտությունը նախաձեռնված է: Մի քանի բակային համայցեր է կատարվել: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում նախնականորեն կարող ենք ենթադրել, որ այստեղ ջրային գործոնի հետ առնչություն ունի: Հիմա հետազոտվում է մասնագետների կողմից, նախորդ օրերին էլ է կատարվել, այսօր ավելի լուրջ մասնագիտական հետազոտություն է կատարվում, որպեսզի մենք կարողանանք գտնել այն հնարավոր գործոնները, որոնք կարող են նպաստել ջրի աղտոտմանը»,- տեղեկացրեց Լիլիթ Ավետիսյանը:
Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդների թիվը չի ավելացել: Մեկ հանգամանք ևս, թունավորման նշաններ ունեցողների մեջ չկան երեխաներ: Պատճառների մասին գյուղացիներից շատերը խուսափում էին վարկածներ առաջադրել:
«27-ից ջուր են վերցրել, ասել են, որ այսօր պիտի արդեն պատասխանը տային: Փաստորեն արդեն բռնկում է: Ինչքան շուտ տվյալները ներկայացնեն, այնքան լավ: Հնարավոր է, որ կեղտոտվելուց լինի, կենդանի ընկնի սատկի, նեխման պրոցես սկսվի ու դառնա հարուցիչի բուն: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը մտածված ինչ-որ բան գցի»,- ասաց բնակիչներից մեկը:
Համառորեն հիվանդանոց տեղափոխվել չցանկացող Արշակ Ավոյանն էլ ասաց, որ իրենք դրանից դեռ մեկ շաբաթ առաջվանից էին ջրից տհաճ համ զգացել: «Ասացին՝ որդեր կան ջրի մեջ, ես չեմ տեսել, լսել եմ»,- տեղեկացրեց Ա. Ավոյանը:
ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ հետազոտության արդյունքները ստանալուն պես հանդես կգան հայտարարությամբ: