Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքն ու դրա ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեցին Շիրակի օրոք. նա անկեղծորեն սիրում էր Հայաստանն ու հայերին


14:53 , 26 սեպտեմբեր, 2019

Ժակ Շիրակը մահացավ: Նա 86 տարեկան էր: Ֆրանսիացիների «chouchou»-ն էր՝ սիրելին:

Չգիտեմ՝ որքան հավաստի է, բայց ասում են՝ Շիրակին շատ էր հետաքրքրում իր ազգանվան եւ հայկական մարզի նույնանունությունը: Նրան հանգիստ չէր տալիս հարցը, թե ի՞նչ կապ կա իր ազգանվան եւ հայկական տեղանվան միջեւ:

Գուցե պատահականությո՞ւն է, գուցե ոչ...

Պատմում են, որ հայագետ Ժան-Պիեռ Մահեին հաճախ է հարցուփորձ արել այս թեմայով: Մահեն ուսումնասիրել, բայց չի գտել որեւէ վկայություն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահի ազգանունը եւ Հայաստանի մարզի անվանումը կարող են ընդհանուր ծագում ունենալ:

Չգիտեմ՝ դա տխրեցրե՞լ է առաջնորդին, թե՞ հակառակը, բայց նա, կարծես, անկեղծորեն սիրում էր Հայաստանն ու հայերին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքն ընդունվեց Շիրակի օրոք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող առաջին օրինագիծն Ազգային ժողովում անցավ Շիրակի օրոք, Փարիզում Կոմիտասի արձանը կանգնեցնելու թույլտվությունը եղավ քաղաքապետ Շիրակի օրոք, արձանը մի քանի տասնամյակ անց բացվեց նախագահ Շիրակի օրոք...