Եթե 21-րդ դարում հարյուրամյակ ենք թևակոխում միջնադարյան մտածելակերպով, ո՞ւմ ենք ինչ խաբում


23:20 , 25 սեպտեմբեր, 2019

Սաղ հեչ, գիտե՞ք՝ համալսարանի ղեկավար կազմից որոշ անդամներ ինչպես են տարբեր կաբինետներում ներկայացնում գիտխորհրդում տեղի ունեցածը: Ասում են` ուսանողները ուզում էին 100-ամյակը հարամ անել: Իմ ուղեղում չի տեղավորվում: Պատկերացնո՞ւմ եք, մեզ փորձում են մեղադրել հարյուրամյակ փչացնելու մեջ։ Երևի մոռացել են, որ մայիս ամսին, երբ ոչ մի պաշտոնյա (նույնիսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը) չէր շնորհավորում հարյուրամյակը, բացառապես ուսանողների անմնացորդ և անվճար աշխատանքի արդյունքում էր, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկեցին 100-ամյակի միջոցառումները։ Երևի մոռացել են, որ մինչ այժմ հոբելյանական միջոցառումներից ամենամասշտաբայինները հենց ուսանողների կազմակերպածներն են եղել։ Ոչինչ։ Իմ հիշողությունը շատ թարմ է։ Հերթով ամեն դետալի կանդրադառնամ մոտ ապագայում։

Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ով է իրականում հարամում հարյուրամյակը, ապա ասեմ։ Հարյուրամյակը հարամում է այն նախարարը, ով պետական հանձնաժողով չստեղծելը ժամանակին պայմանավորում էր Արամ Սիմոնյանի ռեկտոր լինելու հանգամանքով, ով Սիմոնյանի հրաժարականից հետո այդպես էլ հոբելյանական հանձնաժողով չստեղծեց։ Հարյուրամյակը հարամում է այն մարդը, ով, տոնական խնջույքը Ֆլորենս տեղափոխելով, փորձում է բուհի հաշվին իր նախկին շեֆերին հարստացնել։ Հարյուրամյակը հարամում են այն «համալսարանականները», ովքեր ակադեմիական ազատությունների հռչակագրից երկու օր առաջ նույն դահլիճում բանտարկում են ուսանողների ազատ խոսքը։

Ի վերջո, հարյուրամյակ տոնելը ինքնանպատակ չէ։ Այն տարբեր ռեստորաններում կոստյումով նստելն ու կենացներ ասելը չէ։ Հարյուրամյակը տոնելը առաջին հերթին սեփական գոյության և գործունեության վերաիմաստավորումն է ուսանողների առաջ, պատմության առաջ, գալիք սերունդների առաջ։ Եթե 21-րդ դարում հարյուրամյակ ենք թևակոխում միջնադարյան մտածելակերպով, ո՞ւմ ենք ինչ խաբում։