21:00 , 1 հուլիս, 2013Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը վստահ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախված է մեկ պետությունից: Tert.am-ի հետ զրույցում նա ասել է. «Եթե մենք չենք ընտրելու Եվրոպական ուղղությունը, իմ խորին համոզմամբ, դժբախտաբար, Հայաստանը կհայտնվի շատ ծանր կացության մեջ: Դեպի Եվրոպա գնալը մեծ հնարավորություն է առաջ գնալու զուտ տնտեսական առումով, ինչպես նաև մարդու իրավունքների առումով: Արևմուտքը պետք է մեզ առաջարկի լուրջ այլընտրանք, հստակ ալտերնատիվ, որի դեպքում ՀՀ ԼՂ անվտանգության խնդիրը օդում կախված չլինի»:
Հայկական կուսակցությունները, ի տարբերություն Ազատ դեմոկրատների, գերադասում են չհայտնել իրենց տեսակետը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ՝ սահմանափակվելով անբովանդակ հայտարարություններով, որոնք վկայում են համոզմունքների բացակայությունը: Ընդ որում, այդպես վարվում են ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր կուսակցությունները:
Երկու տարի առաջ, երբ խորհրդարանական, ապա նախագահական պայքարն էր սկսվում, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը գրեթե առանցքային էր դարձել քաղաքական պայքարում: Ասենք, այն առանցքային էր դարձել, սակայն իշխող կուսակցությանը վերջին պահին հաջողվել էր «փոխել ֆազը»:
Իշխող ՀՀԿ-ն անսպասելիորեն հայտարարել էր եվրաինեգրացիայի մասին՝ դրանով խլելով պայքարի պատրաստվող ընդդիմության հիմնական փաստարկները եւ դառնալով Արեւմուտքի գլխավոր «դաշնակիցը»: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մինչ այդ հայտարարում էին ազատական արժեքների մասին, Հայաստանի «արեւմտամետների» ցուցակում «երկրորդն են» դարձել:
Ընդդիմադիր դաշտը, հավանաբար վախենալով կորցնել ընտրազանգվածը, չփորձեց ապացուցել Սերժ Սարգսյանի իմիտացիոն դիրքորոշումը՝ գերադասելով «հակաարեւմտյան» ուժերի հետ համագործակցությունը:
Չնայած որ արտաքին քաղաքական կուրսի հարցն առանցքային չէր ընտրարշավի ժամանակ, չնայած ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներին, չի կարելի անտեսել հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հայտարարած դեպի Եվրոպա կուրսը որոշակի դեր խաղաց նրա հաղթանակում: Դա լավ քաղտեխնոլոգիական քայլ էր, որը թույլ տվեց ստանալ արեւմտյան հանրության աջակցությունը, որն աչք էր փակել ընտրախախտումների վրա:
Ընդդիմությունը հայտնվեց ոչ ակտուալ արտաքին, հետեւաբար նաեւ ներքին քաղաքականությունում եւ այժմ չի կարողանում փաստարկներ գտնել դրանք արդարացնելու համար, առավել եւս, որ դժվար է փաստարկներ գտնել, որ ռուսամետ կուրսը եվրոպականից ավելի լավն է:
Մոտակա 3 ամիսը որոշիչ է լինելու արտաքին քաղաքական գործընկերների ընտրության հարցում: Ինչպես վերլուծաբաններն են գրում, եթե Սերժ Սարգսյանը մտադիր է «գցել» Եվրոպային, դա նշանակում է, որ նա «կգցի» ընտրողների 58 %-ին: Իհարկե, դժվար է հաշվել, թե քանի ընտրող է ձայն տվել ՀՀԿ-ին եվրաինտեգրման համար, սակայն փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն ընտրության գնաց արեւմտամետ հռետորաբանությամբ:
Քաղաքական տեսանկյունից, իշխող ՀՀԿ-ն իրավունք չունի փոխել կուրսը: Կուրսի փոփոխություն կարող է տեղի ունենալ հրաժարականի եւ նոր ընտրությունների ճանապարհով: Դա նույնը կլինի, եթե կուսակցությունը, որն իշխանության գա Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու գաղափարով, հանկարծ համաձայնագիր ստորագրի ներկայիս սահմանները ճանաչելու մասին:
Իշխող կուսակցությունն, ըստ ամենայնի, հասկանում է, որ հենց հեռանա եվրոպական կուրսից, նրա հիմնական ընտրազանգվածը, ինչպես նաեւ արտաքին ուժերի աջակցությունն անցնելու են ընդդիմությանը, նույնիսկ եթե այն արդեն մինչեւ վերջ «տրվել է» Ռուսաստանին: Ոչ ոք հանգիստ չի հետեւելու, թե ինչպես է Հայաստանը ռուսական գավառի վերածվում: Այժմ բոլորը լռում են, որովհետեւ ՀՀԿ-ն դեռեւս տանում է խոստացած կուրսը: Սակայն հենց փոխի կուրսը, բոլորը կխոսեն: Բարեբախտաբար քաղաքացիական բողոքն արդեն շատ է մոտեցել Հայաստանին: