18:17 , 1 հուլիս, 2013
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հեթական դատական նիստը կայացավ այսօր: Խափանման միջոց կալանքը փոխելու ևս մեկ միջնորդություն ներկայացրեց սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: «Իմ դեմ ուղղակի ու անուղղակի փաստեր չկան: Ճիշտ է՝ նախորդ դատական նիստի ժամանակ գործով դատախազն ասաց, որ նախաքննական ցուցմունքները չի կարելի դնել մի կողմ, սակայն նրանցում կան բազմաթիվ իրար հակասող փաստեր: Նախաքննական ցուցմունքում չի նշվում որևէ խոսք գումարի մասին: Նշված է, որ մենք զրուցել ենք հեռախոսով, սակայն բջջային օպերատորների տրամադրած փաստերի միջոցով ապացուցվեց, որ մենք իրար հետ չենք խոսել: Խնդրում եմ քննարկել միջնորդությունը և բավարարել այն, քանի որ իմ՝ բանտում գտնվելը որևէ կերպ չի հիմնավորվում»,- ասաց մեղադրյալը:
Դատարանը չքննեց միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ նույն հիմքերով ու նույնաբովանդակ միջնորդություն նախորդ դատական նիստի ընթացքում արդեն քննարկել ու մերժել է:
Նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպանը դատաքննությունը լրացնող միջնորդությունների փաթեթ ներկայացրեց: Պաշտպանը միջնորդեց նշանակել դատակենսաբանական փորձաքննություն՝ պարզելու արնանման Պարույր Հայրիկյանին են, թե՝ ոչ: Նա այլ միջնորդություններ էլ ներկայացրեց:
Մեղադրող կողմը դատաքննությունը լրացնող միջնորդություններ չուներ: Նա որոշ միջնորդությունների դեմ առարկեց, որոշներն էլ վաղաժամ համարեց, սակայն ժամանակ խնդրեց միջնորդությունները ուսումնասիրելու և իր կարծիքը հայտնելու համար։ Նույնը արեց նաև տուժող կողմը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին, ժամը 12:00-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:
Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։
Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: