Մետրոպոլիտենը սեպտեմբերի 25-ից կգործարկի նոր ժետոններ. քաղաքացիները հին նմուշի ժետոնները կարող են տանել և փոխել


23:36 , 24 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը սեպտեմբերի 25-ից կգործարկի նոր ժետոններ:

«Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից ուղևորներն արդեն կարող են իրենց երթևեկը սկսել Մետրոպոլիտենի նոր ժետոններով։ Քաղաքացիները շատ էին բողոքում. տարիների ընթացքում ժետոնները վնասվել էին, դեպքեր են եղել, որ մարդիկ մի քանի անգամ գցել են ու չեն կարողացել անցնել, մինչև աշխատակիցը չի օգնել: Դրա համար, այն քաղաքացիներն ու ուղևորները, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղերին և հինը փոխարինել նորով։  Այսօր՝ ժամը 24:00-ին, բոլոր հին ժետոնները փոխարինվելու են նորերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիների մոտ առկա հին ժետոնները ցանկացած օր կարող են փախարինել նորով:

Նրա փոխանցմամբ՝ ժետոնները հնի նման են, նույն գույնի, ոչ մի դիզայներական լուծումներ չեն տրվել, չափի փոփոխություն չի գրանցվել, քանի որ մեր սարքերը հին են և ճանաչում են միայն գույնով և չափով: Ժետոնների քանակը հասնում է մոտ 100.000-ի: