Հասարակ բաղադրիչներով սոուսը նվազեցրել է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը


14:45 , 24 սեպտեմբեր, 2019

Ամերիկյան Բուֆալո համալսարանի և Պուերտո Ռիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոխը և սխտորը կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition and Cancer ամսագրում:

Հետազոտության առաջատար բժիշկ, համաճարակաբանական գիտությունների թեկնածու Գաուրի Դեսաին նշել է, որ պուերտոռիկացի կանանց մոտ, որոնք սոֆրիտո սոուս են օգտագործում, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 67 %-ով ավելի ցածր է: Նրանց սիրած սոուսի հիմնական բաղադրիչները սոխն ու սխտորն են:

Դասաին նշել է, որ նա իր հետազոտությունը կատարել է ուռուցքների առաջացման ռիսկի վրա սոխի և սխտորի ազդեցության վերաբերյալ նախկին աշխատանքների հիման վրա: Մյուս գիտնականները բացատրել են, որ սոխը և սխտորը հարուստ են ֆլավոնոիդներով և ծծմբաօրգանական միացություններով: «Այս միացությունները հակաքաղցկեղածին ազդեցություն են թողնում մարդու, ինչպես նաև փորձարարական կենդանիների մոտ»,- ասել է Բուֆալոյի համալսարանի համաճարակաբանության և շրջակա միջավայրի հիգիենայի դոցենտ Լինա Մուն: