Դեսպանություն. Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ


12:51 , 24 սեպտեմբեր, 2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։

ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով։